ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը կարծում է, որ սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութը, որում ուկրաինացի զինվորները մահապատժի են ենթարկում ռուս ռազմագերիներին, իսկական է, և ոչինչ չի արդարացնում այդ արարքը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Մարթա Հուրտադոն։
«Մենք տեղյակ ենք այս տեսանյութի մասին և կարծում ենք, որ այն իսկական է»,-ասել է նա:
Հուրտադոն հավելել է, որ ՄԱԿ-ը տեղյակ է նաև սոցիալական մեդիայի հարթակներում հայտնված մեկ այլ տեսանյութի մասին, որը ներառում է նախնական միջադեպի լրացուցիչ կադրեր, ինչպես նաև, ըստ երևույթին, ցուցադրում է ուկրաինացի զինվորի, որը խոստովանում է սպանությունը և փորձում արդարացնել այն՝ պնդելով, որ զոհերը հրաժարվում էին հանձնվել, կամ որ նրանք «Վագներ» ռազմական խմբի մաս էին կազմում:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները միտումնավոր սպանել են գերեվարված 10 ռուս զինծառայողների։
Տեսանյութը, որտեղ ուկրաինացի զինվորականները գնդակահարում են ռուս զինվորներին, որոնք գերի են հանձնվել և պառկած են գետնին, համացանցում հայտնվել էր նոյեմբերի 18-ին: Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևի տեղեկություններով՝ դա տեղի է ունեցել ԼԺՀ-ի Մակեևկա գյուղում։
Մարդու իրավունքների խորհրդի ղեկավարն այդ միջադեպը ցուցադրական, հանդուգն հանցագործություն էր անվանել և հայտարարել էր, որ կպահանջի միջազգային հետաքննություն անցկացնել: Իսկ տեսանյութը խորհուրդը կուղարկի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչություն, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Amnesty International, Կարմիր խաչի միջազգային կոմիտե և այլ կազմակերպություններ։
Ավելի ուշ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի ներկայացուցիչների կողմից գերեվարված ռուս զինծառայողների զանգվածային գնդակահարության փաստով։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 350-րդ օրը։