ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Պետք է էապես ավելացնել ներդրումների դերը ՀՀ տնտեսության մեջ՝ հասցնելով տարեկան ներդրումների ծավալը համախառն ներքին արդյունքի 25 տոկոսին։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը
«Այժմ 18 տոկոսի մոտակայքում է, դա անհրաժեշտ չափից ավելի քիչ է։ 2022 թվականին ներդրումների ծավալն աճել է մոտ 20 տոկոսով, բայց դա չի մոտեցնում այն համամասնությանը, որի մասին խոսվում է»,-նշեց նա։
Վահան Քերոբյանը հավելեց նաև, որ օտարերկրյա ներդրումների ներգրավման մեջ մեր առաջնահերթ թիրախը լինելու են գլոբալ 500 ընկերությունները, որոնք գիտահետազոտական աշխատանքների վրա ծախսում են երկու անգամ ավելի շատ գումար, քան մնացած ամբողջ աշխարհը։
«Այդ ընկերություններից յուրաքանչյուրի մուտքը Հայաստան որակական նոր փոփոխություններ կմտցնի մեր տնտեսության մեջ ու կդարձնի այն իսկապես գիտելիքահեն»,-հավելեց Վահան Քերոբյանը։
Նա նշեց նաև, որ ներդրումային ծրագրերն իրագործելու առումով Հայաստանն այսօր դժվարություններ ունի, բայց վստահեցրեց, որ կառավարությունը շարունակական ջանքեր գործադրում է դրանք հաղթահարելու ուղղությամբ։