ՄԱԿ–ը ևս 25 մլն դոլար է հատկացրել երկրաշարժից տուժած Սիրիային

Երկրաշարժ Սիրիայում. Արխիվային լուսանկար
Լրացուցիչ միջոցները կուղղվեն հարյուր հազարավոր մարդկանց առավել անհետաձգելի կարիքները հոգալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Մարդասիրական հարցերով ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը կարգադրել է 25 մլն դոլար տրամադրել երկրաշարժից տուժած Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը։
ՄԱԿ–ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից հատկացրած լրացուցիչ միջոցները կուղղվեն երկրաշարժից տուժած հարյուր հազարավոր մարդկանց առավել անհետաձգելի որոշ կարիքներն ապահովելուն։
Ավելի վաղ այս շաբաթ ՄԱԿ–ն արդեն 25 մլն դոլար փոխանցել էր։ Այսպիսով, մարդասիրական գործողությունների համար հիմնադրամից հատկացրած ընդհանուր գումարը կազմեց50 մլն դոլար։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 18 342-ի, 72 424 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։