ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վստահ է` Հայաստանում հեշտությամբ կարելի է վերելակների գործարան հիմնել։ Այս մասին նա ասաց ԱԺ նիստի ժամանակ։
«Բավականին լուրջ խնդիր կա վերելակների մասով։ Փորձել եմ ճշտել, թե որտեղ ինչ մակարդակի աշխատանք է արվում, ովքեր են ավելի որակով արտադրում, էլեկտրոնիկան որտեղից են բերում, մետաղական մասը որտեղից է, այդ մետաղական մասի որ արտադրողներն են, որ արտադրական որոշակի խոտան են ունենում։ Պետք է պարզել, թե հայկական իրականության մեջ ինչ աստիճանի փոխարինող կարող ենք դառնալ ներմուծողներին»,– նշեց Սուքիասյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում վերելակների գործարան հիմնելուց հետո հնարավոր է 6-7 ամսում որակով արտադրանք տալ։ Պատգամավորը շեշտեց` վերելակների մասերը ծանր ապրանքներ են, դրա համար հարյուր հազարավոր դոլարներ են վճարում միայն Հայաստան տեղափոխելու համար, քանի որ վերջին տարիներին տրանսպորտային ծախսերը մեծացել են։
Սուքիասյանը նաև հավելեց, որ արտադրությունը պետք է ստեղծել ուղեղներով, ֆինանսներով, ձգտող, խելացի և հետևողական մարդկանցով, որոնք 24 ժամ կհետևեն մրցունակ արտադրանք տալու համար։