ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ սեփական նախաձեռնությամբ սկսել են քննարկման ընթացակարգ։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
«Դատապարտելի և անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում, հատկապես իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանի նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, դրանից առաջ ոստիկանության նույն բաժնում բռնության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։
ՄԻՊ գրասենյակը հայտնում է, որ գրություն է ուղարկվելու է նաև ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։ Գրասենյակը նաև հետևողական է լինելու այս գործի արդյունավետ քննության իրականացման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին հայտնում է, որ անձամբ տեսել է ծեծի ենթարկված երեխաների կադրերը։ Նա դատապարտում է բռնությունը և նշում, որ պետք է պատիժ կրեն ինչպես ոստիկանության աշխատակիցները, այնպես էլ Էրեբունու ոստիկանապետը։
Թովմասյանը շտապ գրություններ է պատրաստում ՀՀ ներքին գործերի նախարարին՝ պահանջելով բացատրություն դեպքի առթիվ, ինչպես նաև պատասխանատու անձանց ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև լիազորությունների դադարեցում: