ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Արցախում կտրոնով տրամադրվող ապրանքների ցանկն ընդլայնվել է։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ փետրվարի 21-ից պետական պահուստից տրամադրվող ապրանքներին կավելանան նաև միրգը, բանջարեղենը և ձուն:
Նշվում է, որ այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով առկա մթերքների սղությունն ու բնակչությանը հավասարաչափ բաշխելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ից Արցախում մի շարք մթերքներ վաճառվում են միայն կտրոնով։ Սպառողներին կտրոնով են տրամադրվում 5 անուն պարենային ապրանքատեսակներ` շաքարավազ, հնդկաձավար, մակարոնեղեն, ձեթ, բրինձ։ Կտրոնով է տրամադրվում նաև լվացքի փոշին։
Դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։