Արագածոտնի նախկին մարզպետը եղբոր հետ հափշտակել է մոտ 72 մլն դրամ. դատախազություն

Դատախազը մեղադրվող անձանցից գումար բռնագանձելու վերաբերյալ գույքային հայց է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը եղբոր` Նաիրի Սահակյանի հետ պետությունից հափշտակել է մոտ 72 միլիոն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Սահակյանն ի պաշտոնե տեղյակ է եղել, որ Հյուսիս-հարավ միջանցքն անցնելու է նաև Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով։ Նա նախնական համաձայնության է եկել Կաքավաձոր համայնքի ղեկավար Ս.Մ.-ի և իր եղբոր՝ Ն.Ս.-ի հետ, խաբեությամբ հողամասի նպատակային նշանակության փոփոխելու, կադաստրային արժեքը արհեստականորեն բարձրացնելու և հետագայում նույն հողամասը պետությանը զգալիորեն բարձր գնով վաճառելու նպատակով։
Այսպիսով խեղաթյուրվել է Նաիրի Սահակյանի կողմից 2005 թվականին Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով` 35 հազար 200 դրամով գնված 7800 քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը: 2009 թվականի օգոստոսի 6-ից հետո իրականացվել են ապօրինի շինարարական աշխատանքներ, նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել են ինքնակամ շինություններ։
Իր հերթին Մ.Ղ.-ն` որպես անշարժ գույքի գնահատում իրականացնող համապատասխան ընկերության տնօրեն, իր կազմած կեղծ հաշվետվության մեջ ներառել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություն։ Արդյունքում փաստացի 67 մլն 440 հազար դրամ արժողությամբ գույքը հաշվարկել է 139 մլն 994 հազար 233 դրամով: Գույքը վաճառվել է հենց այս արժեքով` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 72 մլն 448 հազար 533 դրամի վնաս։
Նշված անձանց դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։
ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբայրը կալանավորվել է
«2023 թվականի փետրվարի 9-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը Հակակոռուպցիոն դատարանին հանձնելու վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նույն օրը դատախազը ներկայացրել է գույքային հայց` Ն.Ս.-ից, Ս.Ս.-ից, Ս.Մ.-ից ու Մ.Ղ.-ից հօգուտ ՀՀ պետական բյուջե համապարտության կարգով 72 մլն 448 հազար 533 դրամ բռնագանձելու վերաբերյալ:
Պարզապես նողկալի է. Վիգեն Սարգսյանն արձագանքել է իրեն առաջադրված մեղադրանքին