ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ իշխանությունը պատրաստվում է բռնագրավել փողոցում, չսահմանված վայրերում ապօրինի վաճառվող պարենային ապրանքները։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանում ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
Նրա խոսքով` գյուղմթերքի ապօրինի առևտրի համար տուգանքների առկայությունը, մասնավորապես Երևանում, այնքան էլ չի զսպում իրավախախտներին։
«Վարչական գործիքակազմը, որը տրված է տեղական ինքնակառավարման մարմիններին, բավարար արդյունավետ չէ։ Մենք առաջարկում ենք այս ամենի հետ միասին նաև ներառել նոր լրացուցիչ գործիքակազմ` ապրանքի բռնագրավում։ Հակառակ դեպքում, միայն տույժով ու տուգանքներով այս արատավոր երևույթի դեմ պայքարելն արդյունավետ չէ»,– ասաց Տերտերյանը։
Նա ընդգծեց, որ հարցը նուրբ է և ուղիղ կապված է սանիտարական անվտանգության ամենակարևոր դրույթի հետ։
Մյուս կողմից` խնդիրը ոչ միայն մարդկանց առողջության ապահովմանն է վերաբերում, այլ անբարեխիղճ մրցակցությանը, քանի որ այս ոլորտում ապօրինի գործունեության հետ մեկտեղ գործում են անօրինական գրանցված սուբյեկտներ։
Երրորդ հանգամանքն այն է, որ փողոցային ապօրինի առևտուրը հաճախ խանգարում է ենթակառուցվածքների օգտագործմանը` հետիոտների մայթով անցնելուն, տարածքի սանիտարական մաքրմանը և այլն։
Տերտերյանը հայտնեց, որ 2019-2021 թթ. միայն Երևանում մայթերին առևտրի հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ ավելի քան 3500 արձանագրություն է կազմվել։ Տուգանքներ են նշանակվել, սակայն հավաքվել էր գումարի 1/3–րդ մասը միայն։
Այժմնմանատիպ խախտումների համար տուգանքներ կան` 70-100 հազար դրամի չափով։
Նշենք, որ նախկինում փողոցում մթերքի, խաղալիքների և կենդանիների վաճառքի վերաբերյալ նմանատիպ որոշում կայացրել էր Երևանի քաղաքապետարանը։