ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Քաղաքացիների կողմից ներկայացված հայտարարագրերը գաղտնի են լինելու։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման առնչությամբ ՊԵԿ-ն այժմ աշխատում է էլեկտրոնային համակարգը քաղաքացիների համար հարմարավետ դարձնելու ուղղությամբ։ Այնպես ենք անում, որ քաղաքացին անհանգստանալու կամ լրացուցիչ տեղեկություններ, փաստաթղթեր հավաքելու կարիք չունենա»,–ասաց նա։
Բադասյանի խոսքով` այն, ինչ էլեկտրոնային բազաներում կա, քաղաքացին դա է հաստատելու, և եթե լրացուցիչ տեղեկություններ էլ ունի, նաև դրանք է մուտքագրելու համակարգ։
Հիշեցնենք` 2022 թ. նոյեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում հայտարարեց, որ առաջարկում են 2023-ից սկսած` երեք տարիների ընթացքում ՀՀ բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգ ներդնել։
Ըստ նախագծի` 2023 թվականի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, նոտարները, 1 մլրդ դրամ և ավել համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպության բաժնետերը, այն մարդիկ, որոնք 2023-ի ընթացքում 20 մլն դրամի չափով վարկ, նաև նրանք, ովքեր արտերկրից են եկամուտ ստանում և եկամտային հարկի փոխհատուցումներ ստացողները։ Ի դեպ, 2023-ի հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչև 2024-ի ապրիլ։
Իսկ 2024 թվականի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն մասնավոր հատվածում վարձու աշխատողները, 2025-ին` բոլոր այն մարդիկ, որոնք առաջին և երկրորդ խմբերում չեն։