Մոլդովայում ռուսալեզու ԶԼՄ–ին տուգանել են Ուկրաինայից նորությունների բացակայության համար

Ren-TV Moldova հեռուստաալիքը, բացի իր սեփական արտադրության ծրագրերից, վերահեռարձակում է ռուսական REN-TV հեռուստաալիքի հաղորդումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Մոլդովական Ren-TV Moldova հեռուստաալիքը տուգանվել է 30 հազար լեյով (1,6 հազար դոլար Ուկրաինայից նորությունների բացակայության համար: Համապատասխան որոշումը հրապարակվել է հանրապետության Հեռուստառադիոհեռարձակման խորհրդի պաշտոնական կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵՄ-ում Sputnik-ի և RT-ի արգելումն անօրինական է. եվրոպացի պաշտոնյա
Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանի փոխխոսնակ, իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության փոխնախագահ Միխայ Պոպշոյը հայտարարել էր, որ չէր ցանկանա երկրում տեսնել ռուսական դաշնային հեռուստաալիքներ «քարոզչության պատճառով»: Խոսելով երկրում վեց ընդդիմադիր հեռուստաալիքների փակման մասին` քաղաքական գործիչը հայտարարել էր, որ այդ որոշումն ուշացած էր և հեռուստաալիքների հեռարձակումը պետք էր դադարեցնել դեռևս 2022 թվականի սկզբին։ Նա նրանց մեղադրել էր նաև «լռությամբ քարոզչության» համար, քանի որ ալիքներն իբր չեն լուսաբանել իրավիճակն Ուկրաինայում։
«Մեդիա-ծառայությունների մատակարարը օրենսդրության մի քանի դրույթ է խախտել.. որոշ դեպքերում Ren-TV Moldova հեռուստաալիքին տրվել է հրապարակային նախազգուշացում։ Ինչպես նաև 30 հազար լեյի չափով տուգանք է նշանակվել։ Մեկ շաբաթվա ընթացքում նորությունների հինգ թողարկումներում ոչինչ չի ասվել այն մասին, թե ինչ է կատարվում Մոլդովայի հետ սահմանին` հարևան Ուկրաինայում»,-նշել է երկրի փոխնախագահ Անետա Գոնցան։
Ընդ որում, նա հստակեցրել է, որ հինգ օրվա ընթացքում հեռուստաալիքի նորությունների 57 տոկոսը նվիրված է եղել բացառապես միջազգային իրադարձություններին, այդ թվում` ԱՄՆ-ին, Բրազիլիային, Պերուին, Չեխիային, Կոլումբիային:
«Իսկ Ուկրաինայի, Ռուսաստանի կամ Ռումինիայի մասին չի հաղորդվել։ Դա կոռեկտ տեղեկատվության բացակայություն է»,-հավելել է Գոնցան։
RT DE հեռուստաալիքը ճնշումների պատճառով դադարեցնում է գործունեությունը Գերմանիայում
Մոլդովայի իշխանությունները դեկտեմբերի 16-ին կասեցրել են ընդդիմադիր և առաջատար ռուսալեզու Primul in Moldova, RTR Moldova, Accent TV, NTV Moldova, TV6, Orhei TV հեռուստաալիքների արտոնագրերն այն հիմքով, որ դրանք, իբր, անբարեխիղճ կերպով են լուսաբանում երկրում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվությունը։ Որոշումը բացատրում են ապատեղեկատվության ռիսկով։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան Քիշնևի որոշումը դիտարկում է որպես քաղաքական գրաքննության ակտ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հավելել է, որ այդպիսի գործողություններն անարգանք են ԶԼՄ-ների բազմակարծության սկզբունքի նկատմամբ և տեղեկատվության ազատության իրավունքի կոպտագույն ոտնահարում են հանդիսանում։ Բացի այդ, Մոսկվան դա որակում է որպես «ազգային փոքրամասնությունների իրավունքների ցինիկ ոտնահարում»: