ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայաստանում դիզվառելիքի ներմուծման լրացուցիչ դժվարություններ են առաջացել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ռուսական նավթամթերքի նկատմամբ սանկցիան մտել է ուժի մեջ, և մեր տնտեսվարողները դիզվառելիքի ներմուծման հարցում նոր բարդությունների են բախվել։ Սանկցիաների խնդիրն այնպիսի փուլերով է առաջ գնում, որ դժվար է պատկերացնել` երբ վերջնական լուծում կունենանք»,–ասաց նախարարը։
Հարցին, թե սանկցիաների հետևանքով ՀՀ–ում արդյոք կբարձրանա դիզվառելիքի գինը, Քերոբյանը պատասխանեց, որ եթե անխափան մատակարարման խնդիրը չլուծվի, ապա մեծ հավանականությամբ գները կբարձրանան։
Սակայն նա վստահեցրեց, որ ամենօրյա ռեժիմով աշխատում են Վրաստանի, ՌԴ և մյուս երկրների գործընկերների հետ, որպեսզի Հայաստանը պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչի` դիզվառելիքի պակաս չունենա։ Քերոբյանը հավելեց, որ լաստանավային հաղորդակցության կարևորությունը գնալով ավելանում է։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ Փոթի–Կովկաս երթուղով լաստանավային հաղորդակցությունը մինչ օրս չի գործարկվել, քանի որ վստահություն չկա դրա հուսալիության և կայունության նկատմամբ:
Արևմուտքի երկրների նավթային պատժամիջոցներն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 5-ին։ ԵՄ–ն դադարել է ծովով տեղափոխվող ռուսական նավթ ընդունել, բացի այդ, «Մեծ յոթնյակի» մեջ մտնող Ավստրալիան և ԵՄ երկրները գնային սահմանափակում են մտցրել նման նավթի համար մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում։