ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է` ճիշտ է արել, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների համար ցավակցություն է հայտնել։ Այս մասին նաև ասաց ԱԺ–ում հերթական նիստի ժամանակ` անդրադառնալով այդ առումով իշխանությունների հասցեին հնչող քննադատություններին։
«Ես էլ եմ ցավակցել Թուրքիային և ճիշտ եմ արել, որովհետև հասկանում եք, որ 10 000 զոհ է եղել քաղաքացիական բնակչության մեջ, այն արհավիրքը, որ մենք էլ ենք տեսել։ Ուղղակի մարդկային առումով. մենք հայ ենք, քրիստոնյա. և չեմ կարող, մարդ չի կարող չարձագանքել այդ ամենին։ Ասում են՝ Իրանում երկրաշարժ է եղել, չեք ցավակցել, 3 զոհ է եղել, գուցե այդ 3 զոհի հետ կապված էլ պետք էր ցավակցել, բայց ամբողջ աշխարհն է ցավակցում այս իրավիճակում»,– նշեց Սիմոնյանը։
Նա շեշտեց, որ նույնիսկ Կիպրոսի Ազգային ժողովի նախագահն է ցավակացել, չնայած նրան, որ Թուրքիան, Կիպրոսի ընկալմամբ, իրենց երկրի կեսը գրավել է։
Հիշեցնենք, որ երեկ ընդդիմադիր դաշտը քննադատում էր ՀՀ ներկայիս իշխանություններին` Թուրքիային ցավակցելու, փրկարարների խումբ ուղարկելու համար։ Քննադատությունն էլ պատճառաբանում էին նրանով, որ վերջիններիս ասածներն ու վարքագիծն ամբողջությամբ հակասում են իրար` 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիային դատապարտում էին, իսկ այսօր ցավակցում ու օգնություն ուղարկում։