Եղե՞լ է արդյոք Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների առաջարկ. դեսպանի պատասխանը

ՀՀ–ում Իրանի դեսպանի կարծիքով` ռազմական ոլորտին առնչվող հարցերը հրապարակային դարձնելը Հայաստանի և Իրանի շահերից չի բխում։
Sputnik
Երևան, 9 փետրվարի-Sputnik. Հայաստանի և Իրանի ռազմական իշխանություններն իրենք կհայտարարեն այս կամ այն միջոցառման անցկացման մասին, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի` երկկողմ հարաբերություններին նվիրված գիտաժողովում այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրին։
Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանը հետպատերազմյան երկու տարիների ընթացքում պետք է օգտվեր Իրանի գործոնից՝ սահմանային անվտանգության ամրապնդման համար։ Նա նշել էր, որ այս ընթացքում Հայաստանը պետք է Իրանի հետ համատեղ զորավարժությունների առնվազն երկու փուլ անցկացներ հենց Սյունիքում, ինչպես նաև պայմանագրային բազա ստեղծեր։
Անդրադառնալով հարցին` արդյոք համապատասխան առաջարկներ հնչել են Երևանում կամ Թեհրանում, դիվանագետը նշել է, որ հարգանքով է վերաբերվում բոլոր այն որոշումներին, որոնք կայացվում են Հայաստանի և Իրանի կողմից ռազմական ոլորտում: Եվ ցանկացած որոշում կամ քայլ, որը ձեռնարկվում է, ունի իր տրամաբանական արդյունքը:
«Եթե դա բխում է երկրի շահերից, ապա համապատասխան նախարարը, տվյալ դեպքում Սուրեն Պապիկյանը, անհրաժեշտության դեպքում կհնչեցնի։ Նույնը վերաբերում է նաև Իրանի բարձրաստիճան զինվորականներին։ Թե ինչ են նրանք մտադիր ձեռնարկել, ինչը՝ ոչ, իրենք պետք է ասեն»,-ասել էդեսպանը։
Նա ասել է, որ զերծ է մնում մանամասներ հաղորդելուց, որպեսզի երկրներում այլ «հոսանքներ» ստեղծելու առիթ չլինի։
Ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը ևս մեկ ագրեսիա ձեռնարկի. դեսպանի մեկնաբանությունը
Դեսպանի կարծիքով` հայ-իրանական հարաբերություններում ռազմական ոլորտին առնչվող հարցերը հրապարակային դարձնելը երկու երկրների շահերից չի բխում։
Եզրափակելով խոսքը` դեսպանը հորդորել է չշտապել. նման հարցերին կանդրադառնա պատմությունը։