ԱԱԾ-ի ատեստավորում չանցած աշխատակիցները կնշանակվեն ավելի ցածր պաշտոններում

ԱԱԾ
Առաջին ատեստավորումը կանցկացվի կամավորության սկզբունքով, այնուհետև պարտադիր կդառնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը, ըստ որի` ԱԱԾ աշխատակիցները յուրաքանչյուր 3 տարին մեկ պետք է ատեստավորում անցնեն, ու այն անհետաձգելի կարգով ուղարկեց խորհրդարան։
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը որոշման ընդունումը կարևորեց Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնող, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումներում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու տեսակետից։
«Առաջին ատեստավորումը կանցկացվի կամավորության սկզբունքով։ Այնուհետև ատեստավորումը կլինի պարտադիր` 3 տարին մեկ անգամ։ Ընդ որում` ատեստավորման բացասական արդյունքի դեպքում կրկին ատեստավորում անցնելու համար ծառայողը 1 տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա»,– ասաց Աբազյանը։
Ատեստավորում չանցած ծառայողները ոչ միայն կզրկվեն հավելավճարից, այլև կազատվեն զբաղեցրած պաշտոններից` թողնվելով կադրերի ռեզերվ` մինչև 2 ամիս ժամկետով:
Այդ ընթացքում նրանց կառաջարկվի նախկինում զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան ցածր խմբի պաշտոն։ Նոր նշանակմանը չհամաձայնելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը կարձակվի ծառայությունից:
Ատեստավորում անցած զինծառայողի աշխատավարձը կհասնի 422 հազար դրամի. կարգը հաստատվեց
ԱԱԾ պետը հայտնեց նաև, որ ատեստավորման ընթացակարգն ու դրա արդյունքում հավելավճարների չափերը կսահմանվեն կառավարության որոշումներով` օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո։
Նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տարբերակով պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ամբողջ սահմանի պահպանությունը, ինչն ավելի անհրաժեշտ է դարձնում Ազգային անվտանգության ծառայությունը որակյալ և բանիմաց կադրերով համալրելը և համակարգից որակյալ կադրերի արտահոսքը կանխելը։