ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով մահացածների թիվը 9057 է, վիրավորներինը՝ մոտ 53 հազար: Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Հաթայ նահանգում։
Նա տեղեկացրել է, որ երկրաշարժի հետևանքների վերացման համար աջակցություն են ստացել ավելի քան 60 պետությունից:
«Այսօր մեզ համար փորձությունների օր է, և մենք հույս ունենք, որ այս ազգը կհաղթահարի դրանք, ինչպես նախկինում է արել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։