ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Մոսկվայի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը ճգնաժամ անվանելն անտեղի է։ Այսօր Երևանում Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ այս հայտարարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Դրանք ճգնաժամ անվանելը երևի թե չափազանց ուռճացված կլինի, մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ։ Քննարկում ենք հագեցած օրակարգի բոլոր հարցերը», - ասաց Միրզոյանը։
Նա պարզաբանեց, որ երկու երկրների միջև դաշնակցային հարաբերություններ են, կան բազմաթիվ երկկողմ և բազմակողմ համաձայնություններ, որոշակի հարցերում կան անհամաձայնություններ, ընդ որում՝ հրապարակային, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի դերակատարման, քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունների մասին խոսակցությունները սկսվեցին նոյեմբերի 23-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել երկու փաստաթուղթ։ Նա պնդում էր, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի քաղաքական գնահատական պետք է տրվի։
Միաժամանակ ՀԱՊԿ ղեկավարությունը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության տեղակայման ծրագիրը դեռ սեղանին է։
Այնուամենայնիվ, Երևանն ընդունեց ԵՄ առաքելությունը, որը սահմանի երկայնքով կտեղակայվի այս տարվա փետրվարին` 2 տարի ժամկետով։ Դրան հաջորդեց մեկ այլ իրադարձություն, երբ Փաշինյանի հրաժարվեց Հայաստանում անցկացնել ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունները։