Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա. ՌԴ ԱԳՆ

Պյոտր Իլյիչևի խոսքով` ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են թե՛ Բաքվում, թե՛ Երևանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը։
«Ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը շարունակում է մնալ ռուսական խաղաղապահ զորակազմը։ Նրան ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա, քանի որ մեր խաղաղապահների գործունեության մոդալությունն արդեն իսկ հստակ ամրագրված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարության մեջ։ Այդ առումով հակամարտության կողմերի շրջանում կոնսենսուս է նկատվում, և տվյալ փաստն այստեղ առանցքային բնույթ է կրում»,-ասել է դիվանագետը։
Նրա խոսքով` հարկ է հատկապես ընդգծել, որ «ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են թե՛ Բաքվում, թե՛ Երևանում, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության պայմաններում:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: