Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ դրա համար, ամեն ինչից զատ, նախ երկու կողմերի համաձայնությունն է պետք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի. տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրները արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ զորակազմը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը:
Նա նշել է, որ միջազգային և արտասահմանյան կազմակերպություններից մինչ օրս Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն այդպես էլ ադրբեջանցիների և հայերի թույլտվությունը չեն ստացել այնտեղ մուտք գործելու համար նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու նպատակով:
Իլյիչևի խոսքով` «դժվարությունները ծագում են կողմերի հետ հավասարապես հեռու դիրքորոշում պահպանելու անհնարինության քաղաքական պատճառով, ներառյալ տարածաշրջան ժամանելու և մեկնելու եղանակները, հաշվետվողականությունը, վերահսկողությունը և մարդասիրական գործունեության կառուցման իրավական հիմքը։
«Լեռնային Ղարաբաղին անգամ միջազգային մարդասիրական աջակցության հաստատման ուղղությամբ առաջընթացի բացակայության պայմաններում միջազգային խաղաղապահ զորակազմ ուղարկելու գաղափարի գործնական իրականացումը, ինչը կպահանջի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը, հազիվ թե իրատեսական է»,-եզրափակել է Իլյիչևը։
Հիշեցնենք` հունվարի 26–ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարևորում է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելը, և համարում է, որ դա Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման լավագույն ձևն է։
Փաշինյանը նաև նշեց, որ ՀՀ–ն հետևողականորեն աշխատելու է այդ ուղղությամբ։
Հավելենք, որ Արցախում միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության մասին շեշտել էր նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում ունեցած իր ելույթում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։