Հալեպում ստեղծվել է 7 կենտրոն. Արամ Ա–ն գումար է հատկացրել հայությանն օգնելու համար

Վեհափառ հայրապետը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցավակցել և զորակցություն է հայտնել տեղի ունեցածի առթիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Արամ Ա վեհափառ հայրապետը Սիրիայի հայ համայնքի հոգևոր ու աշխարհական պատասխանատուների հետ մշտական կապի մեջ է` հետևելով երկրաշարժի պատճառով առաջացած վնասներին և ավերածություններին։ Տեղեկությունը հայտնում է «Ազդակ» օրաթերթը։
«Ստացված տեղեկությունների համաձայն` 4 հայ մահացել է, Հալեպում էլ բավական շատ նյութական վնասներ են արձանագրվել։ Լաթաքիայի և Քեսաբի վնասները համեմատաբար ավելի քիչ են։ Հալեպում Ազգային առաջնորդարանը և համայնքի ղեկավարությունը ստեղծել է 7 հատուկ կենտրոն, որպեսզի ժողովուրդը ապաստան ունենա ավելի ապահով պայմաններում»,– գրում է կայքը։
Վեհափառ հայրապետը նաև գումար է հատկացրել Հալեպի հայության, այդ կենտրոններում ապաստանած ժողովրդի համար սննդի բաշխման աշխատանքների համար։
Արամ Ա կաթողիկոսը հատուկ նամակ է հղել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադին և իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։
Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության վերջին թվյալների` երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 6234–ի, վիրավորներինը՝ 37011–ի։ Սիրայի առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ զոհվել է 1250 մարդ, ավելի քան 2000 վիրավոր կա։