ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է Թուրքիայում ապրող հայ երաժիշտ, ուդահար Ստեփան Եփրեմյանի եղբայրը՝ Սամվելը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրանակերտում ապրող երաժիշտ Ուդի Երվանդը։
Նախօրեին Ուդի Երվանդը հայտնել էր նաև, որ փլատակների տակ են մնացել նաև տիգրանակերտցի երգչուհի Զիլան Տիգրիսին և նրա ամուսինը։
Այսօր նա գրել է, որ երգչուհուց, նրա ամուսնուց և փլատակներում մնացած շատ ուրիշ ընտանիքներից դեռեւս լուր չկա:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։
Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության վերջին թվյալների` երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 6234–ի, վիրավորներինը՝ 37011–ի։
Սիրայի առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ զոհվել է 1250 մարդ, ավելի քան 2000 վիրավոր կա։