ԵՄ-ն կողմ է, որ Վրաստանը միջնորդ դառնա հայ–ադրբեջանական բանակցություններում

Տոյվո Կլաար
Տոյվո Կլաարը կարծում է, որ Վրաստանի մայրաքաղաքը մտերմության և այլ գործոնների պատճառով կարող է օգտագործվել Երևանի և Բաքվի բանակցությունների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Բրյուսելը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում Վրաստանի միջնորդական ջանքերին:
Կլաարը Վրաստանի Առաջին ալիքի եթերում ասել է` շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, և Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ դառնալու Վրաստանի դիրքորոշումը կարևոր է:
Դիվանագետը հավելել է, որ Թբիլիսիում Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկել են այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը:
«...Հուսով եմ, որ ապագայում այդ ուղղությամբ համագործակցությունը Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև է՛լ ավելի մեծ կլինի», - ասել է Կլաարը:
Նա հիշեցրել է անցյալ տարվա ամռանը Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ նշելով, որ Վրաստանի մայրաքաղաքը դեռ կարող է օգտագործվել բարձր մակարդակով և տարբեր ձևաչափերով հանդիպումների համար։
«Աշխարհագրական տեսանկյունից Վրաստանը շատ հարմար է, այստեղ կարելի է արագ և հեշտ հասնել հարևան երկրներից։ Բացի այդ, տրամաբանական է, որ նույն տարածքում՝ Հարավային Կովկասում, գտնվող երեք երկրները պետք է փորձեն համագործակցության ոլորտներ գտնել։ Օրինակ՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության և այլ հարցերում», - հավելել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին հայտնել է, որ օրերս Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները և այժմ ուսումնասիրում է դրանք։
Հայաստանը շուտով հանդես կգա նոր մեկնաբանություններով. Միրզոյանը՝ Բաքվի առաջարկի մասին