ԶՈւ–ում բարեփոխումների մասին խոսում են բանակում ողբերգություն լինելու դեպքում. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանի խոսքով` զինված ուժերում բարեփոխումների համար անհրաժեշտ է իրական կամք, կոմպետենտ մարդիկ և բարոյահոգեբանական մթնոլորտ. այս երեքն էլ այժմ բացակայում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Զինված ուժերի բարեփոխումների մասին, որպես կանոն, իշխանությունը խոսում է այն ժամանակ, երբ բանակում ողբերգություն է լինում։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ԶՈւ բարեփոխումներն անհրաժեշտ են երկրի անվտանգությունն ապահովելու, Ադրբեջանին կամ ՀՀ–ի նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող պետություններին դիմակայելու և զսպելու համար։ ԶՈւ–ում միջադեպերը ստուգատես են երկրի ու անվտանգության համակարգի համար` հասկանալու, թե տեղի ունեցած փոփոխությունները բարեփոխում են, թե հերթական տապալում»,–ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով` իշխանությունը պնդում է, որ գնում է ռեֆորմների ճանապարհով, սակայն հասարակությունը շարունակում է տեսնել անվտանգային համակարգի փլուզումը։ Իսկ ինչքա՞ն է սա շարունակվելու. այդ հարցն է հուզում բոլորին։
Աբրահամյանի խոսքով` ԶՈւ–ում բարեփոխումների համար անհրաժեշտ է իրական կամք, կոմպետենտ մարդիկ և բարոյահոգեբանական մթնոլորտ. այս երեքն էլ այժմ բացակայում են։ Սակայն իշխանությունն ավելի շատ եռանդ է ներդնում բանակի թույլ լինելը հիմնավորելու ու դրանից պայմանավորված զիջումներին գնալու համար։
Նա ընդգծեց` 44-օրյա պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ այսպիսի պայմաններում բանակին հասցվող հարվածները շատ ավելի վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ։
Օհանյանի դեպքով փորձում են մեզ շեղել ԶՈւ–ում տեղի ունեցող ողբերգություններից. Աբրահամյան