Թուրքիայի Մալաթիա քաղաքում փլատակներից դուրս են բերել ավելի քան 20 ժամ մնացած 3 տարեկան մի աղջկա:
Որոնման ընթացքում փրկարարները զննում են յուրաքանչյուր սանտիմետրը: Թուրքական հեռուստաալիքներն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում են տուժած շրջաններն ու մարդկանց փրկելու գործողությունները։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 3000–ի սահմանը։ Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։