Պետգույքի մասնավորեցման պահանջարկն ավելացել է. Փաշինյանը հանձնարարել է հարթակ մշակել

Նիկոլ Փաշինյան
Մասնավոր ներդրողները պարտավորվել են 84 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր իրականացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստանում մասնավորեցման ենթակա պետական գույքերի նկատմամբ պահանջարկը 2022 թվականի ընթացքում զգալիորեն ավելացել է, նախորդ տարի օտարվել է ընդհանուր 20 մլրդ 700 մլն դրամ ծավալի 16 պետական անշարժ գույք։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը, այս մասին զեկուցել են Նիկոլ Փաշինյանին, որն այսօր այցելել է Պետական գույքի կառավարման կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Պատասխանատուները տեղեկացրել են, որ մասնավոր ներդրողները պարտավորվել են հստակ ժամկետներում իրականացնել ընդհանուր առմամբ 84 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր:
«Հաշվետու ժամանակահատվածում օտարման է ներկայացվել 220 տրանսպորտային միջոց, որից օտարվել է 101-ը: 2023 թվականին Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվելու ևս 654 տրանսպորտային միջոց, որից կոմիտեն նախատեսում է այս տարվա ընթացքում օտարել 500-ը: Այս տարվա առաջին ամսվա ընթացքում արդեն իսկ օտարվել է 60 տրանսպորտային միջոց: Վարձակալության տրված պետական գույքերի դիմաց 2022-ին հավաքագրվել և պետբյուջե է վճարվել 11 մլրդ դրամ, ինչը 2021-ի համեմատ ավելի է 200 տոկոսով»,– ասված է հաղորդագրությունում։
Աշխատանքներ են տարվել նաև պետական գերատեսչություններին վարձակալված մասնավոր տարածքներից պետական տարածքներ ներգրավելու ուղղությամբ: Արդյունքում՝ ակնկալվում է առաջիկա տարիներին ունենալ ավելի քան 300 մլն դրամի խնայողություն:
Նշվել է, որ այժմ առկա է մասնավորեցման ենթակա 25 անշարժ գույք, հնարավոր է` այդ թիվը տարվա ընթացքում ավելանա:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մշակել առանձին հարթակ, որտեղ ներկայացված կլինեն մասնավորեցման ենթակա պետական բոլոր անշարժ գույքերը՝ լիարժեք տեղեկատվությամբ:
Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ռազմարդյունաբերության ոլորտում արված աշխատանքը
«Այս ոլորտում պետք է լինենք ճկուն: Անհրաժեշտ է մասնավորեցման գործընթացում առանձնահատուկ ուշադրություն դարձնել կապիտալ ներդրումներին և ծրագրի բովանդակային հատվածին: Մեր երկարաժամկետ նպատակն է, որպեսզի մասնավորեցվող ձեռնարկությունն աշխատի, հարկեր վճարի և զարգանա»,- ասել է վարչապետը:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը և պաշտոնատար այլ անձինք:
Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե
Մեր ունեցած բոլոր խնդիրները կարող ենք բաժանել 2 մասի. Նիկոլ Փաշինյանը` ՍԴ–ում