Մակունցը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հետ քննարկել է Լաչինի միջանցքի իրադրությունը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Լուի Բոնոյի հետ
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ԱՄՆ Պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Լուի Բոնոյի հետ քննարկել է Լաչինում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է դեսպանն իր թվիթերյան էջում։
«Ուրախ էի հանդիպել Կովկասի բանակցությունների և ԵԱՀԿ ՄԽ ավագ խորհրդական ԱՄՆ համանախագահ պարոն Լուի Բոնոյի հետ: Մենք քննարկել ենք իրավիճակը Լաչինի միջանցքում և հումանիտար ճգնաժամը»,–գրել է Մակունցը:
Հանդիպմանը կողմերը անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։
Մակունցը նշել է, որ անհամբեր սպասում է Լուի Բոնոյի հետ աշխատանքին։
Նշենք, որ Լուիս Բոնոյին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հարավային Կովկասում բանակցություններում ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ է նշանակել փետրվարի սկզբին։
Նախկինում Լուիս Բոնոն եղել է ՄԱԳԱՏԷ-ում և ՄԱԿ-ի կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատար, ինչպես նաև զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի խորհրդականի և պետքարտուղարի տնտեսական ու գործարար հարցերով տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։