Հովհաննես Գրիգորյան. «էլ ինչո՞ւ եմ գրում այս դառը տողերը...»

Եկեք անկեղծ լինենք։ Շատ դիպուկ էր ժամանակին նկատել Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկին. «Պոետը լեզվի գոյատևման միջոցն է, իսկ պոեզիան լեզվի գոյության բարձրագույն ձևը»։
Sputnik
Ուղիղ 10 տարի առաջ՝ 2013 թվականի փետրվարի 7-ին, կյանքից հեռացավ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը, որն ընդամենը մի քանի շաբաթ առաջ լրագրողի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի գալիք տարուց, պատասխանել էր. «Ես 2013 թվականից սպասում եմ այն ամենը, ինչ ինձ է հասնում, ավելին չեմ ուզում, որովհետև ավելին միշտ ուրիշի հաշվին է լինում»։
Քանզի գրականագիտությունից շատ հեռու մարդ եմ և չեմ պատրաստվում խորիմաստ մասնագիտական վերլուծություն ներկայացնել, թույլ տվեք պարզապես մեջբերումներ անել Հովհաննես Գրիգորյանի էսսեների և հոդվածների ժողովածուից, որը լույս է տեսել ուղիղ 15 տարի առաջ՝ 2008 թվականին։ Եթե բանաստեղծի որոշ մտքեր ձեզ խիստ վիճահարույց կամ նույնիսկ անընդունելի թվան, խնդրում եմ այնուամենայնիվ հումորով վերաբերվեք։ Չէ՞ որ նա հավատացած էր՝ Տեր Աստվածն էլ հումորի նուրբ զգացում ուներ։ Եվ այսպես՝ Հովհաննես Գրիգորյան…
«Այո′, ոչ ոք և ոչինչ ավելորդ չեն այս երկնքի տակ. Տեր Աստվածը մեր Ամենակարող ավելորդ ժամանակ չի ծախսել պարապ բաներ ստեղծելու վրա: Այդ դեպքում որտեղի՞ց այսքան և այսպիսի պատգամավոր, օրինաչափորեն կհարցնեք դուք: Բայց մի՞թե այս հանգամանքը չի վկայում, հարցին հարցով պատասխանում եմ ես, որ ի տարբերություն Բուդդայի և Մուհամեդի` մեր Տերն Ամենակարող օժտված է բավականին ինքնատիպ հումորի զգացումով… Թեև մեր պատգամավորների պարագայում, ավելորդ չեմ համարում նշել, այդ հումորը չափազանց սև է ստացվել…»։
«Կատարվել է մի հետաքրքիր երևույթ, որի մեխանիզմը գործի է ընկել միգուցե ազգապահպանման բնազդով. մենք մեծ կորուստ տվեցինք ժողովրդի քանակի տեսակետից, բայց ժողովրդի ընդհանուր քաշը ոչ միայն չի պակասել, այլև նույնիսկ ավելացել է: Ըստ երևույթին, հայրենիքից հեռացած յուրաքանչյուր 70 կիլոյանոց հայի փոխարեն` հայրենիքը չլքած, մնացած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իր ազգանվեր պարտքն է համարել սեփական քաշն ավելացնել 70 և ավելի կիլոգրամով` կորցրածը ետ բերելու բարի նպատակով: Եվ այս երևույթն առաջինը տագնապով արձանագրեցին մեր երթուղային տաքսիների վարորդները: Վերջերս, երբ ճխլվելով մի կերպ խցկվեցի դրանցից մեկը, վարորդը, դիմելով ինձ, մտերմորեն սկսեց տրտնջալ.
-Չէ′, ախպեր, էլ սրանով տուն պահել չի լինում:
-Ի՞նչ է, հարկայի՞նն է նեղում, թե՞ գծի տերը,- հարցրեցի։
Քանի դեռ ժողովուրդը գործողության չի դիմում, ի՞նչ նշանակություն ունի, թե նա ինչ է մտածում
-Չէ′, ջանըմ, ի՞նչ հարկային, ի՞նչ մաքսային ու գծային,- դժգոհ փնչացրեց նա,- պասաժիրն է չաղացել, պասաժիրը… Առաջ էս անտերի մեջ քսան մարդ էի տեղավորում, հիմա հաշվիր, տես` քանի՞ մարդ կա` էն էլ իրար գլխի լցված:
Տասը մարդ, արագ հաշվեցի ու երկար լռեցի»:
«Մարդկությունն ի վերուստ բաժանված է երեք մեծ խմբի` մարդիկ, ովքեր ծիծաղում են, մարդիկ, ովքեր ծիծաղելի են: Երրորդ խումբն ամենափոքրաթիվն է և կազմված է մարդկանցից, ովքեր ծիծաղեցնում են: Ուրիշ կարգի մարդկանց, ինչքան էլ խորությամբ ուսումնասիրեք մեր հողագունդը, չեք գտնի: Գիտե՞ք` ինչ էր անում Հովհաննես Թումանյանը Եղեռնի` մեր ժողովրդի կենսագրության ամենածանր շրջանում. երբ մտավորականության, մեծ և հատկապես շատ մեծ բիզնեսի ներկայացուցիչները, քաղաքական և տնտեսական գործիչները ողբում էին դուդուկի լալահառաչ նվագակցությամբ, մեր մեծ բանաստեղծը հրատարակում էր ուրախ ու թեթև պատմությունների, աշխույժ, կենսախինդ երգերի ու խաղերի ժողովածու` շատ լավ հասկանալով, որ ժողովուրդը հիվանդ է, հասել է մահվան շեմին, իսկ հիվանդի լավագույն դեղը, նրան ոտի հանելու միակ միջոցը ուրախ պատմություններով սիրտը բացելն է, եթե, անշուշտ, ուզում ես, որ հիվանդը ոտի կանգնի…»։
90 վայրկյան մինչև համամարդկային աղետը. «աշխարհի վերջի» ժամացույցը տագնապ է հնչեցնում
«Ճշտված է, չէ՞, որ հին ժողովուրդների մեջ միայն հայերն են մնացել անփոփոխ… Այստեղից էլ ամենակարևոր «ինչո՞ւն»` էլ ինչո՞ւ եմ գրում այս դառը տողերը, ինչո՞ւ եմ բզկտում ուրիշների և հենց իմ հոգին, ի՞նչ օգուտ այս ամենը գրելուց, էլ չհաշված մարդկանց տրամադրությունը փչացնելը, իսկ տրամադրությունը, գիտեք, թե ինչ ծանր է ազդում մարդկանց առողջության վրա… Հետևաբար, ես ո՛չ կզարմանամ և ո՛չ էլ կզայրանամ, եթե հոդվածիս ամենաերևացող մասում կարդամ առողջապահության նախարարության զգուշացումը. «Այս հոդվածի ընթերցանությունը վնասակար է ձեր առողջությանը»…
Երևի այսքանը՝ Հովհաննես Գրիգորյանի «Բաց դռների օր Մհերի քարայրում» ժողովածուից։