ՀՀ–ն չպետք է թույլ տա, որ Լաչինի միջանցքի փակ լինելը դառնա սովորական երևույթ. Սիմոնյան

Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահը համոզված է, որ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող փաստաթղթերն ու բանաձևերն ամենևին էլ անօգուտ չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Հայաստանը չպետք է թույլ տա, որ Լաչինի միջանցքի փակ լինելը դառնա սովորական երևույթ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Միգուցե մեզ համար, մեր շրջանառության մեջ ինչ-որ չափով դա սովորական է դարձել, բայց աշխարհի համար դա չի կարող ու չի մնալու սովորական: Աշխարհում մեծ հաշվով կա կոնսենսուս` չհաշված մեկ–երկու կարծիք, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, որ միջանցքի բացման պատասխանատուներն են Ադրբեջանն ու ՌԴ–ն»,- ասաց նա:

Սիմոնյանը համոզված է, որ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող փաստաթղթերն ու բանաձևերը, որոնք միջանցքը բացելու կոչեր են պարունակում, ամենևին էլ անօգուտ չեն։
«Դրանք շատ կարևոր փաստաթղթեր են ու ունենում են կոնկրետ հետևանքներ»,– ավելացրեց ԱԺ նախագահը։
Նա վստահեցրեց, որ Հայաստանը «ճակատամարտը» դիվանագիտական առումով բավական լավ է վարում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։