ՀՀ–ից փրկարարական ջոկատներ տեղափոխող ինքնաթիռը հասել է Թուրքիա

Թուրքիա ուղևորված ինքնաթիռը
Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ–ից փրկարարական ջոկատներ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայում։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը։
«Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունն արդեն երկրում են։ Զորակցությունը կյանք է»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Մեկնող ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
Փաշինյանը զանգել է Էրդողանին. Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նրան
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն Է հայտարարել երկրաշարժից տուժած նահանգներում։
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն անցել է 4500–ի սահմանը, Սիրիայում մոտ 1500 մարդ է մահացել։