Գործարքն ավարտվել է. «Օլեյնա» ձեթի արտադրության բիզնեսը վաճառվել է Կարեն Վանեցյանին

«Օլեյնա» ձեթ
Ընկերությունն առաջիկայում կանվանափոխվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. «Bunge» ագրոարդյունաբերական ընկերությունն ավարտել է ՌԴ–ում ձիթատու մշակաբույսերի մշակման բիզնեսի վաճառքի գործարքը։ Տեղեկությունը հրապարակվել է «Բունգե ԱՊՀ» դուստր ձեռնարկության կայքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բիզնեսը վաճառվել է ռուսաստանցի գործարար Կարեն Վանեցյանին (ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբորը. խմբ.), որը «Exoil Group»–ի վերահսկող բաժնետերն է։
«Փետրվարի 3-ից «Բունգե ԱՊՀ» ՍՊԸ–ն Վորոնեժի մարզում գործող գործարանում շարունակում է բուսայուղերի արտադրությունն ու վաճառքն արդեն նոր սեփականատիրոջ վերահսկողության ներքո», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունն առաջիկայում կանվանափոխվի։
«Bunge»-ը ամերիկյան ագրոարդյունաբերական ընկերություն է, ձիթատու մշակաբույսերի վերամշակման և բուսական յուղի արտադրության համաշխարհային առաջատարը։ Մամուլի հաղորդագրությունից հետևում է, որ «Bunge»-ը շուրջ 23 հազար աշխատակից ունի ավելի քան 40 երկրում:
Վորոնեժի մարզում «Bunge» գործարանն աշխատում է 2008 թվականից, ընդհանուր ներդրումներն այնտեղ կազմել են 130 մլն դոլար: Գործարանն արտադրում է «Օլեյնա» արևածաղկի ձեթը, «Ideal» ձիթապտղի ձեթը և այլ ձիթատու մշակաբույսերից պատրաստված արտադրանք։