ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Երևանը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Բաքվին և ստացել ադրբեջանական կողմի հերթական առաջարկները։ Բեռլինում գերմանացի գործընկերոջ` Աննալենա Բուրբոկի հետ համատեղ ասուլիսում այս հայտարարությունն է արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ դեկտեմբերին պետք է ադրբեջանական կողմի հետ հանդիպում կայանար Մոսկվայում, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը։
«Բայց, չնայած դրան, մենք փոխանցեցինք խաղաղության պայմանագրի շուրջ մեր նոր առաջարկները, և պետք է նաև ձեզ տեղեկացնենք, որ մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական հերթական արձագանքը և առաջարկները։ Այժմ Հայաստանն ուսումնասիրում է դրանք և շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա», - ասել է Միրզոյանը։
Նախարարը նշել է, որ թեև Լաչինի միջանցքն արգելափակված է, այնուամենայնիվ, մնացած բոլոր մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ։
«Ըստ էության, բանակցային գործընթացը կանգնած չէ, բանակցությունները շարունակվում են»,-ասել է նա և հավելել, որ, այդուամենայնիվ, բանակցությունները հարթ ընթացք չունեն, դրան խոչընդոտում են նաև ատելության քարոզը հայերի նկատմամբ՝ անկախ նրանից դա ՀՀ-ն է, թե ԼՂ-ն, ինչպես նաև ագրեսիվ գործողությունները` ՀՀ ինքնիշխան տարածք շարունակական ներխուժումները, հայկական տարածքի օկուպացիան, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը։
Միրզոյանը կրկին ընդգծել է, որ Հայաստանը շատ վճռական և հաստատակամ է խաղաղության օրակարգին։
«Եվ մենք մեր կողմից շարունակելու ենք ակտիվ ջանքերը տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- շեշտել է նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։
2021 թվականի նոյեմբերի 16-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։
Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։
Փաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ։
Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է։ Հայաստանը նույնպես պետք է աշխատի գնալ այս ճանապարհով։