ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Պաշտպանության նախարարությունը չգործող զորամասերը նպատակահարմար չի գտնում հաշվեկշռում պահելու, դրա համար տալիս է սեփականաշնորհման, օտարման։ Այս կարծիքը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` անդրադառնալով Սեյրան Օհանյանի կողմից պաշտպանության նախարար եղած ժամանակ ցածր գնով զորանոցներ օտարելու մեղադրանքներին։
Գեղամ Մանուկյանը լրագրողներին ներկայացրեց 2022 թվականի ապրիլի 15-ի Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ, ըստ որի` պաշտպանության նախարարության թվով 71 գույք պետական գույք կառավարման կոմիտեին է փոխանցվել, որպեսզի վաճառվի։
«Փաստաթղթում 71 զորամասի հասցե է` «Ստալիչնի պոլկն» էլ մեջը, տարբեր քաղաքների զորամասեր են։ Հիմա ի՞նչ հայտարարենք` տեսեք, զորամասե՞ր են վաճառվում»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` այդ զորամասերը չգործող զորամասեր են և նույնիսկ պահպանությունը ՊՆ-ի համար բեռ է, դրա համար էլ դրվել է վաճառքի։
Այս դեպքում նման մեղադրանք Սեյրան Օհանյանին ուղղելը Մանուկյանը համարում է հանրության ուշադրությունը շեղել, հատկապես Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքից։
«Տարիներ անց Վիշինսկայա ազգանունով մեկը Աննա Վարդապետյանի փոխարեն կգա որպես գլխավոր դատախազ ու Սուրեն Պապիկյանին ու Նիկոլ Փաշինյանին կգամի անարգանքի սյունին` ասելով, որ Արշակունյաց պողոտայի վրա «Ստալիչնի պոլկը» վաճառել է, որն անարդար է»,–ասաց նա։
Մանուկյանը, սակայն, կարծում է, որ դժվար թե հանրությանը շեղելու համար Սեյրան Օհանյանին կալանավորելու քայլին իշխանությունը գնա։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ է ներկայացրել։
Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանում, որ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում է կատարել (2 դրվագ), ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (2 դրվագ)։