ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Վրաստանի օպերայի թատրոնի բալետային խմբերը սերտ համագործակցություն կհաստատեն։ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը։
Կարեն Դուրգարյան
© Sputnik / Asatur Yesayants
Նա նշեց, որ այս օրերին Երևանում է գտնվում համաշխարհային բալետի աստղ, վրացական օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինա Անանիաշվիլին: Դուրգարյանն ընդգծեց, որ հենց նրա ջանքերի շնորհիվ է, որ Թբիլիսիի թատրոնն ու բալետային խումբը իսկական ապրանքանիշներ են դարձել։
Անանիաշվիլին համաձայնել է հայկական թատրոնի հետ համագործակցել տարբեր վարպետության դասերի ձևաչափով։ Ավելին` բալետի հայ պարողներն անվճար մեկշաբաթյա դասընթացներ կանցնեն Թբիլիսիում։
«Մենք ուզում ենք մեր բալետն ավելի բարձր մակարդակի հասցնել, և այդ նպատակով պարուսույցներ կհրավիրվեն Վրաստանից և Ռուսաստանից։ Երազում եմ, որ մեր «Գայանե» ներկայացումը բեմադրվի Վրաստանում, իսկ վրացական բալետը՝ Հայաստանում», - նշեց Դուրգարյանը։
Նինո Անանիաշվիլի
© Sputnik / Asatur Yesayants
Ինչ վերաբերում է հայկական բալետի խնդիրներին, ապա այսօր ամենալուրջ խնդիրը տղամարդ պարողների պակասն է, բայց նա վստահեցրեց, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:
Անանիաշվիլին իր հերթին նշեց, որ վրացական բալետը նույնպես բախվել է նմանատիպ խնդրի։ Հարցը, նրա խոսքով, լուծվել է արտասահմանյան հրավիրված արտիստների օգնությամբ։
«Դա հիմնականում պայմանավորված է մեր մտածելակերպով։ Ազգային պարով զբաղվում են հազարավոր տղաներ, որոնք հնարավոր է` երբեք բեմ դուրս չեն գա։ Իսկ մեզ մոտ տղաները քիչ են։ Երբեմն ստիպված ենք «որսալ» նրանց և դեպի կորդեբալետի առաջին գիծ «քաշել»։ Բալետը տղամարդու մասնագիտություն է, բայց շատերը չեն հասկանում դա», - ասաց նա։
Անդրադառնալով հայ արտիստներին՝ Անանիաշվիլին խոստովանեց, որ շատ տպավորված է։ Նրա համոզմամբ՝ իրենք կարողացել են նման բարձր մակարդակի հասնել ուսուցիչների շնորհիվ, որոնք, ինչպես և ինքը, ներկայացնում են «Վահանովայի դպրոցը» (Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա)։ Միաժամանակ պարուհին վստահեցրեց, որ պատրաստ է իր ամբողջ փորձն ու գիտելիքները ներդնել հայկական թատրոնի հետ համագործակցության մեջ։
Անանիաշվիլին հույս հայտնեց, որ հայ պարողներն արդեն այս տարի ելույթ կունենան Թբիլիսիի միջազգային բալետային փառատոնի գալա համերգին: Նրա համոզմամբ՝ շփումն ու մրցակցությունը արտիստներին նոր բարձունքներ նվաճելու և զարգանալու խթան են տալիս։
«Մեր գործում մեկ հոգին ոչինչ չի կարող անել։ Թիմային աշխատանք է պետք: Պետք է, որ բոլորը գնան նույն ուղղությամբ, և մոտ ապագայում մենք լավ արդյունք կունենանք», - ասաց նա։
Նինա Անանիաշվիլին Ռուսաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ է։ Նա եղել է Մեծ թատրոնի, ինչպես նաև ամերիկյան բալետի թատրոնի մենակատար և ելույթ է ունեցել Մետրոպոլիտեն օպերայում։ Անանիաշվիլին որպես հրավիրված մենակատար ելույթ է ունեցել Շվեդիայի թագավորական բալետում, Նորվեգիայի ազգային բալետում, Ֆինլանդիայի ու Պորտուգալիայի ազգային բալետներում, Բավարիայի ազգային բալետում, Մոնտե Կառլոյի Գրանդ բալետում, Բիրմինգհեմի ազգային բալետում, Բոստոնի բալետում, Տոկիոյի բալետում և այլն: 2004 թվականից զբաղեցնում է վրացական օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։