Թուրքիայի Իսկենդերունի նավահանգստում խոշոր հրդեհ է բռնկվել. կադրեր

Այրվում են նավահանգստի տարածքում գտնվող բեռնարկղերը, հրդեհն առայժմ չեն կարողանում մարել։
Sputnik
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Իսկենդերունի նավահանգստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է NTV հեռուստաալիքը:
Հրդեհը, որի առաջացման պատճառը դեռ հայտնի չէ, բռնկվել է նավահանգստի տարածքում գտնվող բեռնարկղերում։
Երկրի ծովագնացության վարչությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իսկենդերուն նավահանգիստը ժամանակավորապես փակվել է տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավերածությունների պատճառով:
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Վերջին տվյալների համաձայն` մահացել է 1498 մարդ, տուժել` ավելի քան 8,5 հազարը։
Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք 430 մարդու կյանք են խլել, տուժել են 1300-ը։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 4 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։