ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասներ են կրել Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը, տեղեկությունը հայտնում է «Արևելքը»։
«Հալեպի Կիլիկյան ճեմարանի տնօրենությունը հայտնում է, որ դպրոցի շենքը վնասներ է կրել. դադարեցվել է ճեմարանի աշխատանքը` մինչև ստուգվի շենքի ամրությունը»,–գրում է պարբերականը։
Նշենք, որ Կիլիկյան ճեմարանը հիմնվել է 1921 թվականին՝ Կիլիկիայից գաղթած հայ գործիչների նախաձեռնությամբ։ 1921-1960 թվականներին կոչվել է Կիլիկյան գաղթականաց վարժարան։
Ինչ վերաբերում է Մխիթարյան վարժարանին, ապա այն նույնպես կրել է նյութական վնասներ` ճաքել են կառույցի պատերը, տեղի է ունեցել քարաթափում:
Մխիթարյան վարժարանը հիմնվել է 1936 թվականին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության կողմից։ Վարժարանի հիմնադրումն իրականացրել է Վրթանես Խանպեկյանը։ 1936-1938 թվականներին կոչվել է Հայ կաթողիկե վարժարան, 1938 թվականին՝ վերանվանվել Մխիթարյան վարժարան։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 912 զոհի ու 5385 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 300-ից ավելի մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 4 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։
Հավելենք, որ այսօր, Երևանի ժամանակով 14։24–ին և 14։36–ին, Թուրքիայում ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։