Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը 23 տոննա օգնություն է ուղարկել Իրան

Բեռը ներառում է վրաններ, ծալովի մահճակալներ և տաք ծածկոցներ։
Sputnik
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը 23 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել հունվարի 28-ին Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած բնակչությանը։ Այս մասին տեսանյութ է հրապարակվել ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
Այսօր դեպի Իրան են ուղևորվել հինգ բեռնատար և երկու ուղեկցող մեքենա։
Բեռը ներառում է վրաններ, ծալովի մահճակալներ և տաք ծածկոցներ։ Այն կհանձնվի Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչներին։
Հիշեցնենք` հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով 22:14-ին, Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:
Երկրաշարժի հետևանքով մահացել է 3 մարդ, 1000–ից ավելի տուժած կա։
Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում ու Երևան քաղաքում։