ՌԴ փրկարարները մեկնում են Թուրքիա և Սիրիա, իսկ զինվորականներն արդեն օգնում են սիրիացիներին

ՌԴ պաշտպանության նախարարը զրուցել է թուրք գործընկերոջ հետ և օգնություն առաջարկել նրան։
Sputnik
ՌԴ փրկարարները պատրաստվում են մեկնել Թուրքիա և Սիրիա՝ օգնելու երկրաշարժի հետևանքների վերացմանը։ Իսկ ՌԴ զինվորականներն արդեն սկսել են աշխատանքը Սիրիայում։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նաև Սիրիայում զորքերի խմբավորման հրամանատարին է հրահանգել օգնություն ցուցաբերել երկրաշարժի հետևանքների վերացման գործում:
Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Շոյգուն հեռախոսով զրուցել է թուրք գործընկերոջ` Հուլուսի Աքարի հետ և օգնություն առաջարկել նրան, այդ թվում՝ բուժօգնություն տուժածներին։
Աքարը շնորհակալություն է հայտնել Շոյգուին և խոստացել է առաջիկայում կոնկրետ առաջարկներ պատրաստել։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Վերջին տվյալների համաձայն` մահացել է 1498 մարդ, տուժել` ավելի քան 8,5 հազարը։
Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք 430 մարդու կյանք են խլել, տուժել են 1300-ը։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 4 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։