ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեում այսօրվանից սկսում են ռուսաց լեզվի դասընթացներ անցնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում Ռուսական տան մամուլի ծառայությունը։
Կրթական ծրագրի նախաձեռնողը Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստոյի ներկայացուցչությունն է, իսկ դասընթացները կազմակերպվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի խնդրանքով։
Ռուսաց լեզվի դասընթացներ ՊԵԿ–ում
© Photo : Русский дом в Армении
ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի ուսումնական ծրագրի բաժնի պետ Գոռ Վարդանյանի խոսքով` աշխատելու է 6 խումբ` 2-ը` հարկային ծառայության, 4-ը` մաքսային ծառայության աշխատակիցների համար։ Խմբերում ընդհանուր առմամբ ընդգրկվելու է 170 մարդ, որոնք լինելու են բոլոր մարզերից։ Դասընթացներն անցկացվելու են ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևաչափով։
«Առցանց դասերն անցկացնելու ենք հիմնականում մարզերում բնակվող մեր աշխատակիցների համար, որպեսզի նրանք նույնպես ներգրավված լինեն այս գործընթացում»,– նշել է նա։
Ռուսաց լեզվի դասընթացներ ՊԵԿ–ում
© Photo : Русский дом в Армении
Ծրագիրը բաղկացած է լինելու 50 ակադեմիական ժամից, փորձառու և բարձր որակավորում ունեցող դասախոսներն ունկնդիրների հետ պարապելու են շաբաթը 2 անգամ։ Դասընթացն ավարտելուց հետո բոլոր մասնակիցները քննություն են հանձնելու և համապատասխան հավաստագրեր են ստանալու։
Ռուսական տան ռուսաց լեզվի նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Տատյանա Դրոնսկայայի խոսքով` խորհրդանշական է, որ դասընթացները բացվում են 2023 թվականին, որը հայտարարված է ռուսաց լեզվի` որպես ազգամիջյան շփման տարի ԱՊՀ մասնակից երկրներում։