Մեր ունեցած բոլոր խնդիրները կարող ենք բաժանել 2 մասի. Նիկոլ Փաշինյանը` ՍԴ–ում

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սահմանադրական արդարադատությունը կարևոր է ոչ միայն իրավիճակները հաղթահարելու, ոչ միայն առաջացած փակուղային իրադրություններից ելք ցույց տալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Այսօր մեր ունեցած բոլոր խնդիրները կարող ենք բաժանել 2 մասի. խնդիրներ, որոնք թույլ չեն տվել կայանալ պետական ինստիտուտներին և խնդիրներ, որոնք առաջացել են ինստիտուտների կայացած չլինելու պատճառով: Սահմանադրական դատարանի հիմնադրման 27-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
«Եվ, ըստ էության, այս երկու եզրագծի ներսում են տեղավորվում մեր օրակարգային բոլոր հարցերը: Այս առումով, սահմանադրական արդարադատության դերը շատ դժվար է գերագնահատել: Սահմանադրական արդարադատությունը կարևոր է ոչ միայն իրավիճակները հաղթահարելու, ոչ միայն առաջացած փակուղային իրադրություններից ելք ցույց տալու և ելք հարթելու համար, այլև շատ կարևոր է, որ սահմանադրական արդարադատությունը ձևավորի մտածողություն, որն իր բնույթով ինստիտուցիոնալ է, պետական է»,–ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ սահմանադրական արդարադատությունը պիտի հասանելի լինի։ Նրա խոսքով` Սահմանադրական դատարանը մեր երկրի սահմանադրական արդարադատություն իրականացնող պետական կարևորագույն ինստիտուտներից մեկն է:
Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը
Վարչապետը նշել է, որ Սահմանադրական դատարանի կարևորությունը տեսանելի է և հետևողականորեն կայացնում են որոշումներ, համատեղ քաղաքականություններ են վարում և մշակում, որոնց նպատակն է ընդհանրապես դատական համակարգը և հատկապես ՍԴ–ն իր ինստիտուցիոնալ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմաններով օժտելը:
Նիկոլ Փաշինյան
Հավելենք, որ միջոցառմանը ներկա է գտնվել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։