ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Հայաստանը պատրաստ է մարդասիրական ու փրկարարական օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած Թուրքիային ու Սիրիային։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Հայկական կողմն արդեն իսկ հայտարարել է աջակցություն տրամադրելու իր պատրաստակամության մասին: Այժմ քննարկվում է տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 1121 զոհի ու 7634 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք շուրջ 430 մարդու կյանք են խլել, տուժել են 1300-ը։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 4 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։
Հավելենք, որ այսօր` Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին, Թուրքիայում ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։