Հայաստանի նախագահը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից զոհվածների հարազատներին

Վահագն Խաչատուրյան. Արխիվային լուսանկար
Վահագն Խաչատուրյանը նաև շուտափուլթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների հարազատներին։ Այս մասին նա գրել է Twitter–ի իր էջում։
«Իմ անկեղծ ցավակցությունները Թուրքիային և Սիրիային՝ ավերիչ երկրաշարժի ողբերգական հետևանքների և անմեղ մարդկանց զոհվելու առթիվ: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,– գրել է նախագահը։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 912 զոհի ու 5385 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք ավելի քան 300 մարդու կյանք են խլել, տուժել են 639-ը։ Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 4 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։
Հավելենք, որ այսօր` Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին, Թուրքիայում ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։