Արցախի` գազով ջեռուցվող դպրոցների 1-8-րդ դասարաններում դասընթացը կդադարեցվի

Դպրոց
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասընթացը։
Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը։
«Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ինչպես արդեն հայտնել էինք` Ադրբեջանը կրկին արգելափակել է գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։
Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է: