Երևան–Սևան ավտոճանապարհին 2 պարեկ վրաերթի են ենթարկվել

Վարորդը մերկասառույցի պատճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում այսօր վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող 2 պարեկ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 12։00-ի սահմաններում։ Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վահե Ս-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան նշված հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով չի կարողացել կառավարել, արդյունքում վրաերթի է ենթարկել այդտեղ ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ավագ պարեկ Արթուր Գրիգորյանին և կրտսեր պարեկ Յուրիկ Խաչատրյանին։
Վարորդը փախուստի չի դիմել, ավելին` օգնել է «Աբովյան» ԲԿ-ի բժիշկներին, որպեսզի վրաերթի ենթարկվածներին տեղափոխեն հիվանդանոց։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Opel-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։