ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ԱՄՆ Օհայո նահանգում վտանգավոր նյութեր տեղափոխող բեռնատար գնացքի մոտ 50 վագոն ընկել է ռելսերից։ Տեղեկությունը հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանության ներկայացուցիչներին:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, սակայն վթարի պատճառը մինչ օրս չի հաջողվել պարզել: Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչ Մայքլ Գրեմի հայտարարության համաձայն՝ երբ գնացքի վագոնների մի մասն ընկել է ռելսերից, դրանք սկսել են այրվել։
«Երկաթուղային գծերն արգելափակված են», - ասել է նա:
Գործակալության տվյալներով ՝ հարյուրից 20 վագոններով տեղափոխվել է վինիլքլորիդ՝ թունավոր և դյուրավառ նյութ, որի այրումը վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար: Տեղական հրշեջ ծառայության ղեկավար Քիթ Դրեբիկը նշել է, որ իշխանության ամենամեծ մտահոգությունը հենց վինիլքլորիդի շուրջ է։
Նա ավելացրել է, որ այլ վագոններում նաև այլ քիմիական նյութեր են եղել, և այժմ հրշեջները տեղական ու դաշնային իշխանություններից պետք է ստանան դրանց ամբողջական ցանկը:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություն առայժմ չկա։