2 տարում շուրջ 17 000 կին Լոռիից, Տավուշից և Սյունիքից կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն են անցել։ Նրանցից 170-ի մոտ հաստատվել է քաղցկեղ` նախնական փուլում, տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը։
Նշենք, որ այսօր Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, և այս տարվա կարգախոսն է «Ապահովել ուռուցքաբանական ծառայությունների և պալիատիվ բուժօգնության հասանելիությունը»։
«Երբ պատասխանը եկավ, որ կասկածում են չարորակ ուռուցք, զարմացա, քանի որ ոչ մի պրոբլեմ չունեմ։ Նախորդ տարի սքրինինգ ծրագիրը Նոյեմբերյանում էր իրականացվում և չէի էլ ուզում գնալ, քանի որ ինձ շատ լավ էի զգում»,–պատմում է Տավուշի բնակիչ Ոսկենար Սահակյանը։
Կնոջը վիրահատել են, և հավանականությունը, որ նա ամբողջությամբ բուժվել է, 90 տոկոսից ավել է։
Նախարարությունը վստահեցնում է, որ կանանց հետագա բուժումն իրականացվում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում` պետպատվերով: Մասնագետները վստահեցնում` հենց այս փուլում քաղցկեղի հայտնաբերման դեպքում ապահովվում է 90 և ավելի տոկոս ամբողջովին ապաքինում:
ԱՆ շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում: Մարզի 50-69 տարեկան կանայք կարող են անվճար սքրինինգային հետազոտություն անցնել իրենց բնակավայրում:
Հավելենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված հայկական ուռուցքաբանության երրորդ կոնգրեսի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ այս տարի ճառագայթային բուժման նոր տեխնոլոգիական մասնաշենքն ամբողջովին կգործարկվի, որից հետո կկարողանանք ասել, որ Հայաստանն ունի սարքավորումային լիարժեք հագեցվածությամբ ճառագայթային կենտրոն։