ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մահացած զինծառայողների քրեական վարույթով «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել։
Պարզվում է` հրդեհից 2 շաբաթ առաջ սպա Եղիշե Հակոբյանը զեկուցագիր է գրել, որ ցանկանում է ազատվել աշխատանքից կամ, ինչպես ընդունված է ասել, զորացրվել։
«Ինչո՞ւ է նա այս քայլին գնացել զորամասում ռազմական ոստիկանության ստուգումներից հետո, ի՞նչ է կատարվել, առհասարակ, կացարանի ներսում. հուսանք՝ այս հարցերի պատասխանը կստանանք քննության ընթացքում, երբ խոսի սպան»,–գրում է թերթը։
Հավելենք, որ Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը Sputnik Արմենիային հայտնել էր` Եղիշեն հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ ի վիճակի չէ` առողջական վիճակը թույլ չի տալիս։
Սպան այրվածքներ ունի ողջ դեմքի շրջանում։ Փաստաբանը վստահեցրել էր` Եղիշեն ինքը շահագրգռված է դեպքի մասին պատմել այն ամենը, ինչ իրեն հայտնի է։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։