Հայաստանում քաղցկեղի նոր դեպքերի թիվը տարեկան 7700-ի է հասնում

Վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանում տարեկան քաղցկեղի նոր դեպքերի թիվը միջինում 7700-ի է հասնում։Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, և այս տարվա կարգախոսն է «Ապահովել ուռուցքաբանական ծառայությունների և պալիատիվ բուժօգնության հասանելիությունը»։
ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 10-12 մլն նոր դեպք և շուրջ 9,6 մլն մահացության դեպք:
«Վիճակագրական տվյալների վերլուծության համաձայն` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի քաղցկեղը։ Իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և վզիկի, իսկ վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել»,–գրված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ 2019-ից քաղցկեղով պացիենտների ուռուցքաբանական վիրահատություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։ Հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները ևս իրականացվում են անվճար:
Հիվանդության լուրը հենց ես հայտնեցի սիրուն մամայիս․ կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ
Հայաստանում 2022-ին պալիատիվ բժշկական օգնության գծով պետական պատվեր է տեղադրվել շուրջ 17 բժշկական հաստատություններում: 2022թ. դրությամբ` Երևանում և մարզերում պալիատիվ բուժօգնության ծառայություն են մատուցում 37 արտահիվանդանոցային և հիվանդանոցային հաստատություններ:
Հիշեցնենք, որ Հայաստանում մահացության պատճառների երկրորդ տեղում են նորագոյացությունները, այդ թվում՝ չարորակ։ Վերջին տարիներին այս ցուցանիշը աճել է 50%-ով: Այսպես, 1990 թվականին նորագոյացություններից (3541), այդ թվում՝ չարորակ (3484), մահացել է 7 022 քաղաքացի։ 2021 թվականին այդ թիվը կազմել է 10 598, որից 5266-ը՝ չարորակ։ 2021-ին դրանցից մահացածների կեսից շատը տղամարդիկ էին՝ 5856 դեպք։
Հավելենք, որ 2022-ի տվյալները դեռ ամփոփված չեն։