Ավանդների փոխհատուցման ծրագիրը շարունակվում է. այս տարվա համար 1.1 մլրդ դրամ է հատկացվել

Այժմ հերթը մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ծնված քաղաքացիներինն է։
Sputnik
ՀՀ կառավարությունը 2022-ին 1.8 մլրդ դրամ էր հատկացրել ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993-ի հունիսի 10-ը ներդրված ավանդների փոխհատուցման ծրագրին: Այս տարվա բյուջեն 1.1 միլիարդ դրամ է, որը կարող է ընդլայնվել՝ կախված դիմումների քանակից, հայտնում է ՀՀ կառավարությունը։
84-ամյա ամուսինները` Արշալույս և Հասմիկ Բեսալյանները, 1968-ից խնայողական հաշիվ են բացել և ընդհանուր 30 000 ռուբլի խնայել։
Ամուսինները նախորդ տարվա դեկտեմբերին շուրջ 420 000 դրամ են ստացել։
«Ես այդքանի սպասելիք էլ չունեի, դրա համար չեմ էլ դժգոհում»,–ասում է Արշալույս Բեսալյանը։
Ի դեպ, այժմ հերթը մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ծնված քաղաքացիներինն է, նաև սոցիալական որոշ խմբերում ընդգրկված ավանդատերերինը. վերջիններս փոխհատուցումը կարող են ստանալ արտահերթ:
Հիշեցնենք` խորհրդային Խնայբանկում մնացած ավանդները վերադարձնելու գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2006թ–ից։ Կառավարության որոշմամբ փոխհատուցման իրավունք էր վերապահվել մինչև 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիներին։ Հետագա տարիներին որոշումը 2 անգամ վերանայվել է` 1936-ի փոխարեն սահմանելով 1938թ–ի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Իսկ նախորդ տարվանից արդեն փոխհատուցման իրավունք է տրվել մինչև 1939թ.–ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց: