Քննարկվում է ԵԱՏՄ ընդհանուր հաշվարկային միավորի հարցը. ԵՏՀ–ի ներկայացուցիչ

Իյա Մալկինա. Արխիվային լուսանկար
Քննարկվող տարբերակներից մեկը միասնական կրիպտո կամ թվային արժույթ ստեղծելն է, մյուսը` ընդհանուր հաշվարկային միավոր (ինչպես Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից օգտագործվող SDR–ն) ստեղծելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկում է ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ հաշվարկների պարզեցման եղանակները, բայց առանց միասնական արժույթի ներդրման։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեսակապի ժամանակ հայտարարել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան՝ ներկայացնելով Ալմա Աթիում փետրվարի 2-3–ն անցկացված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները։
ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են միմյանց էլեկտրացանցերին հավասար հասանելիության մասին
Նա հերթական անգամ նշել է, որ թեև միասնական արժույթի մասին շատ է խոսվում եվրասիական ինտեգրման համատեքստում, բայց ԵԱՏՄ քննարկման օրակարգում այն բացակայում է։ Միևնույն ժամանակ, քննարկվում են երկրների միջև հաշվարկների պարզեցման այլ տարբերակներ։ Նրա խոսքով` քննարկվող տարբերակներից մեկը միասնական կրիպտո կամ թվային արժույթ ստեղծելն է, մյուսը` ընդհանուր հաշվարկային միավոր (ինչպես Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից օգտագործվող SDR–ն) ստեղծելը։
Այս հարցերը, ինչպես նշում է Մալկինան, միջկառավարական խորհրդի նիստին բարձրացրել է Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։ Գուցե տարվա արդյունքներն ամփոփելով` ԵՏՀ–ն կարողանա այդ ոլորտում առաջարկներով հանդես գալ, եթե դրանց աջակցեն ազգային կառավարությունները։