«Օրենքով գող» Գ. Ի.–ն կալանավորվել է իր քրեական հեղինակությունից օգտվելու մեղադրանքով

Վարույթի շրջանակներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր, առարկաներ ու թմրամիջոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Ի.-ն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննությամբ պարզվել է , որ Գ.Ի.-ն, ունենալով «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, ստանձնել է քաղաքացուն պարտք մնացած գումարի վերադարձման հարցի լուծումը: Գ.Ի.–ին վերոնշյալ քաղաքացուն վստահեցրել է, որ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով կստիպի պարտապանին 12.900 ԱՄՆ դոլարը վերադարձնել մասնաբաժիններով:
Քննչական կոմիտեն բացահայտել է նաև մեկ այլ գումարի շորթման դեպք, կապված Գ.Ի.–ի հետ։
«Գ.Ի.-ն, պահպանելով, իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, 2.300.000 դրամ պարտք եղած գումարը չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը իրեն դիմած 53-ամյա տղամարդու օգտին լուծելու համար, 2022թ. հոկտեմբերի 25-ից սկսած զանգահարել է պարտապանին և պահանջել վերադարձնել պարտք եղած գումարը»,– ասված է հաղորդագրությունում։
Պարտապանի կողմից տարբեր պատճառաբանություններով գումարի վերադարձը հետաձգելու վերաբերյալ վերջինիս և Գ.Ի.-ի միջև տեղի ունեցած խոսակցությունների ընթացքում վերջինս պարբերաբար սպառնացել է պարտապանին իր հեղինակությունն ու հնարավորություններն օգտագործելով բռնություն գործադրել նրա նկատմամբ, որի արդյունքում վերջինս 2022թ. նոյեմբերի 12-ին վերադարձրել է պարտք եղած գումարից 400.000 ՀՀ դրամ, իսկ նոյեմբերի 17-ին՝ 900.000 ՀՀ դրամ, որը, սակայն, Գ. Ի.-ն չի փոխանցել գումարի իրական պարտատիրոջը և որպես անօրինական օգուտ տնօրինել է անձամբ:
53-ամյա տղամարդը նույնպես ձերբակալվել է։
Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա Գ.Ի.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար։
Հայաստանում քրեական հեղինակություն է կալանավորվել․ ՔԿ–ն մանրամասներ է ներկայացնում
Իսկ 53-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով` քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։
Գ.Ի-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս անձի նկատմամբ՝ գրավը։
Վարույթի շրջանակներում Երևան քաղաքի և Արմավիր քաղաքի ավելի քան 10 հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր, առարկաներ, ինչպես նաև թմրամիջոց։
Նախաքննությունը շարունակվում է: