ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստանից մշակված ադամանդի արտահանման ծավալները տարեցտարի ավելանում են. 2022-ին արտահանվել է ավելի քան 400 մլն դոլարի ադամանդ։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով` աշխարհի առաջատար ադամանդագործական ընկերություններ Հայաստանում մշակման գործարաններ հիմնելու նախագծեր են սկսել, որոնք հիմա ավարտին են մոտենում:
«Այս տարվա առաջին եռամսյակում արդեն կկարողանան այցելել նոր գործարանների բացմանը։ Հույս ունեմ, որ նոր ընկերությունն էլի կգան Հայաստան, հաշվի առնելով ադամանդագործության ոլորտի նոր իրողությունները»,-ասաց Քերոբյանը:
Նա նշեց, որ Հայաստանը 2020 թվականին ընդհանուր 75 մլն դոլարի կարգի մշակված ադամանդի արտահանում է ունեցել , 2021-ին՝ մոտ 175 մլն դոլարի, 2022-ին՝ ավելի քան 400 մլն դոլարի: Իսկ այս տարի պլանավորում են էլ ավելի բարձր ցուցանիշներ։
Բացի այդ, 2022-ին ոսկերչական ապրանքների արտահանումն առաջին անգամ գերազանցել է 100 մլն դոլարը: Նախարարի վստահեցմամբ՝ կառավարության ներդրած ջանքերի արդյունքում է, որ այսպիսի արդյունքներ կան, սակայն Հայաստանը դեռ երկար ճանապարհի սկզբին է: